Բուդապեշտում ավարտվեց գեղասահքի Եվրոպայի առաջնությունը, ավարտվեց մարզաձևի ռուսական դպրոցի ակնհայտ գերազանցությամբ: Կանանց մենասահքում աշխարհամասի հնգակի չեմպիոն, իտալուհի Կարոլինա Կոստների ներկայության պայմաններում բացարձակ տոն տվողները Յուլյա Լիպնիցկայան ու Ադելինա Սոտնիկովան էին: Հաղթեց տասնհինգամյա Լիպնիցկայան՝ ութ տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանին բերելով ոսկե մեդալ: Երրորդն իտալուհին էր: Ի դեպ, չորրորդ հորիզոնականը նույնպես, ի դեմս Ալյոնա Լեոնովայի, ռուսական գրանցում ունի:
Տղամարդկանց մենասահքում պատասխանատվության մեծ ծանրություն էր բաժին հասել տասնութամյա Մաքսիմ Կովտունին, ով երկրի ներքին առաջնությունում ոսկու համար պայքարում թեև շրջանցել էր համաշխարհային գեղասահքի կենդանի լեգենդ Եվգենի Պլյուշչենկոյին ու ձեռք բերել օլիմպիական արտոնագիր, սակայն մի շարք հանգամանքների բերումով և դրանց մեջ Պլյուշչենկոյի ու նրա անձնական մարզիչ Ալեքսեյ Միշինի անառարկելի հեղինակությամբ, հարկադրված էր աշխարհամասի առաջնությունում Սոչիում երկիրը մենասահքում ներկայացնելու պատվի մի նոր քննաշրջան էլ անցնել: Ցավոք, երիտասարդ մարզիկը ձախողեց մրցելույթը՝ հինգերորդ տեղ (Պլյուշչենկոն չէր մասնակցում առաջնությանը) և թերևս հիմա անսխալ կարելի է ասել, թե երկու մարզիկներից մարզական խորհուրդն ում կտա նախապատվությունը: Եվ այնուամենայնիվ ռուսներն անմասն չմնացին մեդալներից: Սերգեյ Վորոնովը երկրին բերեց արծաթ, Կոնստանտին Մենշովը՝ բրոնզ, իսկ երկրորդ տարին անընդմեջ ուժեղագույն հռչակվեց իսպանացի Խավիեր Ֆեռնանդեսը:
Զուգապարում անգերազանցելի մնացին Տատյանա Վոլոսոժարն ու Մաքսիմ Տրանկովը, ովքեր օլիմպիական ոսկու անառարկելի հավակնորդն են: Այստեղ նրանց հիմնական մրցակիցն էր աշխարհի քառակի չեմպիոն, գերմանական Ալյոնա Սավչենկո-Ռոբին Շչելկովի զույգը, որը սկսեց, սակայն, մարզուհու վատառողջության պատճառով, չշարունակեց մրցելույթը՝ բաց թողնելով ազատ պարը: Տեղեկացնենք, որ կարճ ձևից հետո նրանք երկրորդն էին:
Հիմնական մրցակցի բացակայությունը քիչ էր մնում չար կատակ խաղար Վոլոսոժար-Տրանկով զույգի հետ, սակայն բարեբախտաբար ամեն ինչ ավարտվեց պակաս «արյունով»: Պատվո պատվանդանի մյուս հարթակները նույնպես եղան ռուսական. երկրորդը Վերա Բազարովա-Յուրի Լարիոնով, երրորդը՝ Քսենյա Ստոլբովա-Ֆյոդոր Կլիմով զույգերն էին: Հետաքրքրական է, որ ռուսական երեք զույգերի մարզիչն էլ նույն անձն է՝ Նինա Մոզերը:
Պարայինում Ելենա Իլյինիխ-Նիկիտա Կացալապով զույգը վայր ընկնելու պատճառով իրեն զրկեց չեմպիոնական տիտղոսից: Առաջինն այստեղ իտալական Աննա Կապելիանի-Լուկա Լանոտե դուետն էր, երրորդը՝ անգլիական Պենի Կումս-Նիկոլաս Բակլենդ զույգը: Չորրորդ-հինգերորդն էին Վիկտորյա Սինիցինա-Ռուսլան Ժիգանշին, Եկատերինա Ռյազանովա-Իլյա Տկաչենկո զույգերը:
Բուդապեշտյան առաջնությունը ցույց տվեց, թե ինչ նպատակասլացությամբ է ռուսական գեղասահքը հաշվետու քառամյակում նախապատրաստվել Սոչիի օլիմպիական խաղերին: Մարզիկների գրաված տեղերը համոզչորեն ցույց են տալիս, որ ռուսական գեղասահքը բացառիկ պատասխանատվությամբ է նախապատրաստվել Սոչիի օլիմպիական խաղերին: Սակայն ասվածը չի նշանակում, թե մնացածները քառամյայի ամենախոշոր տոնահանդեսին մասնակցելու են դիտորդի կարգավիճակով: Այնպես որ՝ «կռիվ» Սոչիում դեռ կտեսնենք:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ